ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Լիազորությունները կրկնող մարմնի ստեղծմանը դեմ եմ»

«Լիազորությունները կրկնող մարմնի ստեղծմանը դեմ եմ»
02.06.2017 | 00:27

Կառավարության առաջարկով ստեղծվելու է հերթական հակակոռուպցիոն մարմինը: Կառույցները փոխարինում են միմյանց, սակայն «սայլը» տեղից չի շարժվում: ԱԺ «Ելք» խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք:


-Այս անգամ կառույցի կազմում պետք է լինեն նաև ընդդիմադիրներ, սա իրավիճակ կփոխի՞:
-Դուք տեսնում եք, որ «Ելք» խմբակցությունը բավական ակտիվ է և խորհրդարանում որոշակի գնահատականի արդեն արժանացել է: Մենք ունենք ներուժ ու հակված ենք աշխատեցնելու խորհրդարանական մարմինները, որոնցում, ի պաշտոնե որպես ընդդիմադիր, կընդգրկվենք: Մեր քաղաքական հակառակորդներն էլ, քաղաքական դաշնակիցներն էլ այս գնահատականը մեզ տվել են: Որպես իրավապաշտպան, լիազորություններ կրկնող մարմնի ստեղծմանը դեմ եմ, որովհետև այն լիազորությունները, որոնք տրվելու են այս մարմնին, արդեն գոյություն ունեցող այլ կառույցների գործառույթներն են կրկնելու: Բայց, քաղաքական նկատառումներից ելնելով, ավանդույթները փոխելու տեսանկյունից գուցե նման մարմնի անհրաժեշտությունը կա:
-Կոռուպցիայի դեմ պայքարը որտեղի՞ց պետք է սկսել:
-Անկախ դատական իշխանություն ունենալուց: Պետք է սկսել լեգիտիմ ընտրությունների անցկացումից, որպեսզի ժողովրդի կամքը ազատորեն արտահայտվի, մարդիկ ընտրեն իրենց իրական իշխանությունը: Մենք արդեն հայտարարել ենք, որ այս ընտրություններում ժողովրդի կամքն ազատորեն չի ձևավորվել, քանի որ ոչիրավական, ոչիրավաչափ ազդեցություն են ունեցել ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է այստեղից սկսել:
-Իշխանությունը կարո՞ղ է ինքն իր դեմ պայքարել:
-Քաղաքացիական հասարակությունը, արտախորհրդարանական ուժերը, մենք ամեն ինչ անելու ենք, որ գործող իշխանությունից նվաճենք ժողովրդավարությունը:
-Եթե հիմա «Ելքը» իշխանություն լիներ, ի՞նչը կվերացներ առաջին հերթին:
-Դատական համակարգի կոռուպցիան: Նկատի չունեմ մեխանիկական, ֆիզիկական կաշառք վերցնելը, խոսքն արդար դատաքննության իրավունքի երաշխավորման, ապահովման մասին է: Սա պետք է ժողովուրդը տեսնի, ընկալի, շոշափի: Մի դրական բան կցանկանայի առանձնացնել. քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը կառավարության կազմի վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ ընդունեց մեր առաջարկը, ԱԺ փոխնախագահն էլ ընդունեց պետաիրավական հանձնաժողովում առաջ քաշած մեր հարցերը:
-Իշխանությունում ինչ-որ բա՞ն է փոխվել, որ սկսել է ընդդիմության առաջարկներն ընդունել:
-Չգիտեմ՝ ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, համենայն դեպս, մենք համառ ենք:
-Ընդդիմության հանդեպ հանդուրժողականություն չե՞ք նկատում:
-Մենք մեր նկատմամբ հարգանքը նվաճել ենք և՛ ընտրություններով, և՛ հետընտրական գործընթացներով, և՛ ԱԺ-ում մեր վարքագծով:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ